Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ով զոքանչ չունի, կորցրել է

Ով զոքանչ չունի, կորցրել է
22.05.2018 | 16:37

ՀՀԿ խմբակցության անդամներին ամենևին էլ չի անհանգստացնում ԱԱԾ-ի կողմից բացահայտվող կոռուպցիոն շղթան: Այսօր տարբեր բիզնեսներով հայտնի պատգամավորները լրագրողներին վստահեցրել են, որ իրենց չի մտահոգում, թե ովքեր են 350 մարդու տվյալներ օգտագործած կոռուպցիոներները: Պանամական օֆշորի գործով հայտնի ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը հայտարարել է, թե չի վախենում ոչնչից, քանի որ մտահոգիչ ոչ մի գործով չի զբաղվել: Գեներալ Սեյրան Սարոյանն էլ հավելել է` թող բացահայտումը լինի, որ ժողովուրդն իմանա, ով պետությունից ինչ է տարել: ՀՀԿ խմբակցությունը ներկայացնող մեկ այլ գործարար պատգամավոր էլ, պարզվում է, հանգիստ հետևում է կոռուպցիոն շղթայի բացահայտմանը: Նահապետ Գևորգյանը (Նովո) հայտարարել է, որ այդ ամենի հետ նա որևէ առնչություն չունի: Այս ամենը թվացյա՞լ հանգստություն է, թե՞ իսկապես նրանք վստահ են, որ իրենց բիզնես «աճպարարությունները» չեն բացահայտվի, պարզ կլինի, երբ կոռուպցիոն շղթան ներկայացվի հասարակությանը:


Եթե ՀՀԿ խմբակցության գործարար անդամները մտահոգվելու առիթ չունեն, ուրեմն ո՞վ է ապօրինի բիզնես գործունեություն իրականացրել: Եթե փողն ու կապիտալը նախկին իշխանության ձեռքում էին, ուրեմն որտեղ փնտրել կոռուպցիոն շղթայի հետևում կանգնած մարդկանց: Թե սրանք ինքնապաշտպանական «ճառեր» են, որոնք այս պարագայում միակ փրկությունն են: Սակայն ՀՀԿ խմբակցության հայտնի օլիգարխները դեռ չեն խոսել, ինչպես Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, այնպես էլ նրանց «մասշտաբների» բիզնես ունեցող այլ անձինք: Այ, երբ նրանք էլ կհերքեն իրենց մասնակցությունը նման գործարքներին ու մտահոգություն չեն ունենա բացահայտումներից, այդ ժամանակ կարելի է հանգիստ շունչ քաշել, որ Հայաստանում, փաստորեն, բիզնեսով, թեկուզ անօրինական, զբաղվելու հնարավորություն ու պայմաններ ունեցել են նաև այլ քաղաքացիներ: Եվ ով է ասել, թե Հայաստանում կապիտալը կենտրոնացած էր ընդամենը 40 ընտանիքի ձեռքում: Պարզվում է՝ 350 մարդ էլ վատ չի ապրել:


Չնայած մի զավեշտալի իրավիճակ էլ կարող է ստեղծվել: Քանի որ այդ օլիգարխները սիրում են բիզնեսը գրանցել կնոջ, զոքանչի կամ բաջանաղի անունով, կարող է բացահայտումից հետո իրենց գլուխն ազատելու համար էլ հայտարարեն, թե սեփական կնոջ հետ ոչ մի առնչություն չունեն կամ զոքանչն ամենևին էլ իրենց զոքանչը չէ: Չնայած մեծ հաշվով գուցե շահեն զոքանչները, քանի որ տույժ ու տուգանք մուծելուց հետո կարող են այդ բիզնեսն իրենց պահել, չէ՞ որ այն գրանցված է հենց նրանց անունով:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2849

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ